Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս

Հայաստանը դառնում է ուղեղային կենտրոն

Հայաստանը դառնում է  ուղեղային կենտրոն

Ապրիլի 26-27-ին Բուխարեստում կայացել է Բոլոնիայի նախարարական հերթական գագաթնաժողովը, որտեղ Հայաստանը պաշտոնապես հաստատվել է որպես երկիր, որը գալիք երեք տարիների ընթացքում հյուրընկալելու է Բոլոնիայի քարտուղարությանը, իսկ 2015 թվականին Երևանում է կազմակերպվելու Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովը:

 

Այդ առիթով տրված իր հարցազրույցներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մանրամասնում է, թե ինչ է ենթադրում այս ամենը Հայաստանի համար:«Նախ Հայաստանը պետք է ձևավորի ազգային փորձագետների թիմ, որը պատասխանատու կլինի այս 3 տարիների ընթացքում Եվրոպայի բարձրագույն կրթության ողջ տարածքում կրթական բարեփոխումների քաղաքականության մշակման, համակարգման, ուղղորդման համար: Այսինքն Հայաստանը դառնում է այն ուղեղային կենտրոնը և պատասխանատու երկիրը, որը պետք է համակարգի, սպասարկի Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքը, որը միավորում է 47 երկիր: 3 տարի Հայաստանի փորձագետները և ՀՀ ԿԳ նախարարությունը պատասխանատու են լինելու Բոլոնիայի գործընթացի շրջանակներում քաղաքականության իրականացման, աշխատանքային խմբերի գործունեության, համապատասխան տեղեկատվական ռեսուրսների գործարկման համար, ինչը ենթադրում է հսկայական պատասխանատվություն»: 

 

Բուխարեստյան նախարարական գագաթաժողովի վերաբերյալ պարոն Աշոտյանը նշում է.«Վերջինիս եվրոպական երկրների նախարարներից զատ, մասնակցում էին նաև այլ երկրների կրթական ոլորտի պատասխանատուներ: 2015-ին Երևանում կայանալիք նախարարական գագաթաժողովին ակնկալվում է շուրջ 90 պատվիրակությունների մասնակցություն, իսկ գագաթաժողովը մեր երկրում անցկացնելը համարում եմ աննախադեպ հաջողություն, որն ունի 2 երես կամ բաղադրիչ: Մեկը կրթական բաղադրիչն է, ինչը նշանակում է, որ Հայաստանի կրթական ոլորտը ճանաչելի է Եվրոպական կրթական տարածքում, և կրթական պատասխանատու մարմինը մեզ վստահելի գործընկեր է համարում, իսկ մեր կողմից իրականացված քաղաքականությունը` համահունչ է եվրոպական բարձրագույն կրթական տարածքում տեղին ունեցող գործընթացներին: Անչափ կարևոր է նաև երկրորդ բաղադրիչը` քաղաքականը: Նման լուրջ առաքելության համար Հայաստանին վստահելը նշանակում է` ճանաչել Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղղությամբ գործադրվող ջանքերը, Արևելյան գործընկերության շրջանակներում ընդգծել` Հայաստանը որպես երկիր, որը լավագույններից է բարեփոխումների, քաղաքական տրանսֆորմացիայի ճանապարհին: Փաստորեն Հայաստանը զատվում է մի շարք այլ երկրներից, որովհետև փաստացի առաջին ԱՊՀ և առաջին հարավկովկասյան երկիրն ենք, որը բացառիկն է ոչ ԵՄ անդամ երկրների շարքում, ում վստահվել է նման պարտականություն»:

 

Վերջին շրջանում հաճախակի արծածվող բուհական ինքնավարության մասին Ա. Աշոտյանը նշում է.«Վերջերս թեման իսկապես շատ է արծարծվում և արծարծվում է, ցավոք, ոչ պրոֆեսիոնալ ու ավելի շատ հռետորաբանության և հանրային ելույթների փաթեթավորման ձևով: Մասնագիտական մոտեցումների գրեթե չենք հանդիպում: Բուհական ինքնավարութունը և ակադեմիական ազատությունները ունեն հստակ չափման մեխանիզմներ և չափորոշիչներ: Այս հարցով շատ ինտենսիվ զբաղվել է Եվրոպական համալսարանների ասոցիացիան` սահմանելով հստակ չափանիշներ: Այնպես որ, կոչ եմ անում խնդրով իրականում հետաքրքրված մարդկանց ավելի պրոֆեսիոնալ կարծիքներ հայտնել և առանց ձևականության և շահարկումների: Փաստեմ, որ Հայաստանի դիրքերն այսօր բուհական ինքնավարության և ակադեմիական ազատությունների տեսակետից միջինն են Եվրոպայում: Իհարկե կան երկրներ, որտեղ օրենսդրությունն ավելի լիբերալ է, որոշներում էլ` օրենսդրությունն ավելի խիստ է: Ակադեմիական ազատությունները և ինստիտուցիոնալ ինքնավարությունը ենթադրում են հետևյալ բաղադրիչները? բուհի ղեկավարման, աշխատուժի լրացման, ակադեմիական ազատություն (կրթական բովանդակություն և այլն), ինչպես նաև ֆինանսատնտեսական գործունեության ազատություն: Որոշ չափանիշներով հայաստանյան բուհերն ավելի ինքնավար են, քան Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների կրթական հաստատությունները: Սրանք մերկապարանոց խոսքեր չեն: Մենք իրականում բարվոք վիճակում ենք: Կառավարությունը վերջին 2 տարվա ընթացքում մշակում է բուհական ազատությունների, ինքնավարության ընդլայնման ծրագիր: Այս տարվա ընթացքում նախատեսում ենք նաև պետական բուհերից մեկի հետ իրականացնել պիլոտային ծրագիր, որի արդյունքում փոխելով բուհի կազմակերպչաիրավական ձևը, կտեսնենք, թե բուհն ինչպես է կարողանում զարգանալ` ավելի մեծ ազատությունների պարագայում: Հաջորդ տարեվերջին ամփոփելով նախագիծը, դրական արդյունքների դեպքում այս փորձը կտարածենք այլ բուհերի վրա, որոնք պատրաստ կլինեն ավելի մեծ ինքնավարության: Նորից եմ ուզում կրկնել` ինքնավարությունը հռետորաբանություն չէ, բուհական ինքնավարությունը և ազատությունները պետք է տեղավորվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում»:

Հեղինակ. Արմեն Աշոտյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ